Ես մի հարևան ունեմ, ավելի շուտ` բակի հարևան է, մոտակա շենքում է ապրում. հին, որակյալ վարպետ է եղել, մեծ գործարանում ճանաչված, հեղինակավոր մարդ, բոլոր հաշվարկները ոչ թե սանտիմետրերով, այլ միլիմետրերով է անում ու խոսում: Շատ է ափսոսում, որ կյանքը այնպես արագ փոխվեց, ավելի ստույգ` այնպես ընդհատվեց, որ չհասցրեց իր գիտելիքներն ու հմտությունները փոխանցել նոր սերնդին. «ցավալիորեն ընդհատվեց լիարժեք վարպետության սերնդափոխությունը»:
Թե որ տեսավ մի գործ ես անում` կմոտենա, խորհուրդ կտա, տեսավ, որ չի ստացվում` կվերցնի, ինքը կանի, թե որ տեսավ կարգին գործիք չունես` քլունգ, սղոց, խարտոց, կասի` մի րոպե սպասիր, և կգնա ու կբերի ինչ պետք է:
Հիմա ափսոս, որ անգործ է, բայց ավելի ափսոս, որ վատառողջ է` ոտքը ցավում է, կնոջ մահից հետո ավելի ընկճվեց, մտամոլոր դարձավ և անհանգիստ ու շարժուն` 60-65 տարեկան մարդը նեղսրտեց, մեկուսացավ, արդեն աչքին չէր գալիս նույնիսկ փոքրիկ, բայց շատ ուշագրավ այգին: Եթե ոչ ամեն օր, հաճախ էի տեսնում նրան` այգու դռանը տխուր նստած կամ որևէ հարևանի հետ զրուցելիս: Ես հեռվից հեռու բարձրացնում էի ձեռքս և ողջունում նրան, որպես պատասխան ինքն էլ էր ողջունում ինձ ձեռքի բարձրացումով, բայց ես նկատում էի, որ գնալով նրա թուլացած ձեռքը աստիճանաբար իջնում էր, ավելի շուտ` կախվում… Երբ ժամանակը ներում էր, մոտենում էի հարցնում հալը, ոտքի վիճակը: Մի օր էլ, երբ հարցրի, հողաթափը թեթևակի հրեց առաջ և դժվարությամբ սկսեց հանել գուլպան: Ես փորձեցի կանխել, թույլ չտալ, տանել չեմ կարող այդպիսի տեսարաններ, մանավանդ օգնել չեմ կարող ոչ մի կերպ… բայց նա չլսեց և ցույց տվեց հիվանդ թաթը. երկրորդ մատը արդեն սևացել էր, մյուսները կարմրին էին տալիս հիվանդագին: Թաթը ամբողջությամբ այտուցված էր… այնպես էի ցանկանում ականատեսը չլինել, մանավանդ որ, բացի մտահոգ խոսքից ու հարցումներից, ուրիշ ոչնչով օգնել չէի կարող:
-Իսկ ի՞նչ են ասում բժիշկները,- հարցրի նրան:
-Ասում են` արի 10 օր բուժվիր, նախապատրաստվիր վիրահատության…
-Իսկ դո՞ւ…
-Ասում եմ, հետո՞, բժիշկ, հետո ի՞նչ կլինի…,- ասում է` տեսնեի… մի բան կլինի…
-Ասում եմ` բժիշկ, ես մորից երկու աչքով եմ ծնվել, երկու ոտքով էլ կգնամ, բայց իմ ոտքը Սովետաշենի աղբանոցը չեմ գցի…
Այդ օրից ես աշխատում էի հնարավորինս քիչ առնչվել Վահագնի հետ, որի անվան վերջին տառը, չգիտես ինչու, կրճատել, Վահագ էին ասում:
Սակայն դա այնքան էլ դյուրին գործ չէր, քանի որ 2-3 օրը մեկ ցայտաղբյուրի ջրի կուտակումների հիման վրա նա փոքրիկ ջրավազան էր սարքել, իսկ ես ամեն անգամ մի չորս-հինգ դույլ էի վերցնում իմ «խնամքի տակ հայտնված» վարդի թփերը ջրելու համար: Այդ օրը ես հեռվից հեռու նորից ողջունեցի Վահագին, իսկ նա ժպտաց գրեթե նախկին ժպիտով և, խորհրդավոր, ձեռքով` իրեն մոտենալու շարժում արեց: Մոտեցա. մի ուրիշ մարդ էլ կար, ծանոթացա, քիչ հեռվում միջին մեծության մի մոխրագույն չորքոտանի էր գլխիկոր շրջում, որին առաջին անգամ էի նկատում:
-Սա ի՞նչ կենդանի է,- հարցրի: «Դա կենդանի չի, դա իմ փրկարարն է»:
Ես հեգնանք-ժպիտով հարցական նայեցի նրան: Իմ այդ հայացքը պետք է հասկացվեր այսպես. «Այդ ի՞նչ օրի ես հասել, վարպետ Վահագ, որ «փրկարարը» մի սովորական շուն է դարձել»:
Հետո Վահագը սաստելով կենդանուն պահանջեց, որ այն մոտենա իրեն: Մի քիչ դժկամությամբ կենդանին մոտեցավ: Իսկ երբ Վահագը աջ ոտքի հողաթափը մի կողմ հրեց, սկսեց հանել գուլպան, ես տարակուսանք-անհասկանալի վիճակի մեջ ընկա: Դեռ ուշքի չէի եկել, երբ կենդանին նախ հոշոտեց, իսկ ապա սկսեց լիզել Վահագի հիվանդ ոտնաթաթը: Ես շշմել էի. շունը «աշխատում էր», իսկ զարմանալին` ոտքի վիճակը առաջվանը չէր- ո՛չ սևություն կար, ո՛չ կարմրություն, նման էր կանոնավոր, առողջ ոտքի: Մինչ կենդանին «կաներ իր գործը», Վահագը բացատրեց, որ կենդանին ինքն է մոտեցել-հոտոտել ոտքը, թաթը դրել իր թաթին` կարծես պահանջելով հանել գուլպան: Մարդը հանել է գուլպան և կենդանին սկսել է լիզել այն, այդպես ամեն օր: Եվ առաջին «սեանսից» հետո Վահագը ազատվել է ահավոր ցավերից և հանգիստ քնել… իսկ հաջորդ օրը մարդը կենդանուն հյուրասիրել է համեղ պատառներով, նրան պատվելով-մեծարելով «փրկարար» տիտղոսով: Ակամայից հայացքիս առջև հայտնվում է Հայոց արքա Արա Գեղեցիկի և Շամիրամի պատմությունը. ասորեստանցիների հետ մարտի ժամանակ անզգուշորեն, հակառակ Շամիրամի հրամանի, սպանվում է Արա Գեղեցիկը, իսկ սիրելի Արայի մահը սգացող Շամիրամը ձգտում է համոզել հայոց արքայի զորքին, որ արալեզները լիզում են արքայի վերքերը և Արան նորից կենդանություն կառնի… բայց հանգիստ թողնենք պատմությունը…
Այն, որ շունը մարդու բարեկամն է, գիտեն բոլորը, Ա. Իսահակյանը «Համբերանքի չիբուխը» պատմվածքի մեջ գրում է մոտավորապես այսպես` նայիր է, շան աչքեր են, հավատարիմ շան աչքեր… հո կնոջ աչքեր չեն, ներողություն եմ խնդրում…
Բայց բուժական ի՞նչ զորություն ունի նա, և ինչ սրտացավությամբ է առաջարկում իր թանկագին «ծառայությունը», անշահախնդիր…
Հայտնի է, որ գայլերը վիրավորվելու պահին կամ այլ պարագաներում արյունոտվելու ժամանակ լիզում են սեփական վերքը, կտրում արյունահոսքը և շարունակում փախուստը կամ էլ պայքարը: Այդ մասին հայտնի է շատ որսորդների, բնասերների, որոնք թույլ չեն տալիս վիրավոր գայլին «ինքնաբուժությամբ» զբաղվել, մինչդեռ շունը… դե շունն էլ գայլի ազգականն է, ուրեմն նա էլ բնությունից այդպիսի շնորհ է ստացել և «օգնության հասել մարդուն»:
-Քիչ է մնում,- շարունակում է Վահագը,- պիտի բժիշկներին ցույց տամ կատարվող հրաշքը… պիտի ցույց տամ անդամահատման սպառնալիքի տակ հայտնված վերջույթը և, իհարկե, իմ փրկարարին…
Յուրի Ա. ՍԱՀԱԿՅԱՆ
22.07.2016
Հ.Գ. Բնականաբար, դեռևս վաղ է այս մի փաստով հետևություններ անելը, սակայն այդ նույն փաստն էլ բավական է անուշադիր չլինելու համար… այնքան էլ խելամիտ չէր լինի հաշվի չնստել իրականության հետ։
Բժշկությունը` ավանդական, դասական, ժողովրդական` հաճախ, անիրավացիորեն միմյանց հետ ընկերաբար-բարեկամաբար չեն վարվում, հանգամանք, որ ամենևին էլ վայել չէ ոչ մեկին, իսկ այս պարագայում, կարծես թե, առնչվում ենք ժողովրդական բժշկության յուրատեսակության հետ, «բժշկություն», որի կիրառման նպատակահարմարությունն ու բուժական արդյունավետությունը անտեսել չի կարելի:
Ասում են` բնության մեջ որքան ցավ, այդքան էլ բուժման միջոցներ կան։ Միայն թե նկատել, բացահայտել և օգտագործել է պետք, ինչպես վարվում էր միջնադարի հայ հռչակավոր բնագետ-բժիշկ, մասնագետ, բառարանագիր Ամիրդովլաթ Ամասիացին։